Genel YazılarYazılar

Վերջին ցանկությունս` օգնություն «Թռչունյան տուն» մանկատան որբ երեխաներինՏարածաշրջան

Վերջին ցանկությունս` օգնություն «Թռչունյան տուն» մանկատան որբ երեխաներին

Տարածաշրջան

5 Նոյեմբերի 2018, 12:56

Բրենդա Ժամկոչյան-Բաշարը վախճանվեց 2017 թ. մարտի 30-ին, Բրեմենում: Մոր մահից հետո նրա կյանքում ոչ մի հարազատ չէր մնացել: Նա ծագում էր Ստամբուլի հայտնի, ունևոր Ժամկոչյան տոհմից: Նրա ճակատագիրը որոշել էին 1915 թ. հետո տեղի ունեցած դեպքերը: Ազգականներն անհետ կորել էին Կահիրեում, Ռումինիայում, Արգենտինայում, Կանադայում, Ամերիկայում:

Ծնվել էր 1939 թ. Ստամբուլում: Ի ծնե, ի բնե պոլսահայ էր: Բրենդան ավարտել էր Ստամբուլի Ավստրիական վարժարանը: 1972 թ. եկել էր Գերմանիա` Հայդելբերգի համալսարանում ուսանելու: Նույն տարում սկսեց թուրքերեն ու գերմաներեն դասավանդել Բրեմենում: 22 տարի թուրքերենի և գերմաներենի ուսուցչուհի եղավ: Տարիներ շարունակ պայքարեց, որպեսզի թուրքերենի դասընթացն ընգրկվի գերմանական դպրոցական համակարգում: Բրեմենի համալսարանում թուրքերեն դասավանդեց Արտասահմանցիների համար գերմաներենի բաժնում: Շատ աշխատանքներ տարավ, որպեսզի Բրեմենի նահանգում թուրքերենը, որպես մայրենի լեզու, ներառվի դպրոցական ծրագրում: Նա նաև եղավ Բրեմենի Համերաշխության երգչախմբի խմբավարը:

Բրենդայի հետ ծանոթացել էի 1986 թ.: Նախ ընկերներ դարձանք, ապա` քույր և եղբայր: Գրեթե ամեն օր զանգահարում էինք իրար: Ես դասավանդում էի Բոխումում: 2016 թ. մի օր հեռաձայնեց ինձ և ասաց. «Արի խոսենք»:

 

Դա նշանակում էր, որ այնպիսի թեմայի մասին էինք զրուցելու, որը հարմար չէր հեռախոսով քննարկել: Անմիջապես Բրեմեն գնացի: Հիվանդ էր: Դժվարությամբ էր խոսում: Առանց խոսքը երկարացնելու` ասաց. «Քեզ հետ մի շատ կարևոր հարց եմ քննարկելու»:

«Բրենդա՛, հենց քեզ հետ խոսելու համար էլ եկել եմ: Խոսե՛նք»,-ասացի:

«Ես այլևս մայր, հայր, ազգական, եղբայր` ոչ ոք չունեմ իմ կյանքում, չե~ն մնացել: Վերջերս սկսել եմ շատ մտածել վերջիս մասին: Խոսել եմ Ջևդեթի, Էֆթիքի, Բյուլենթի և Ֆահրիյեի հետ: Քեզ հետ էլ եմ ուզում խոսել»:

«Համեցիր խոսենք, Բրենդա՛»:

«Ես, երևի, երկար չեմ ապրի: Ցանկանում եմ քեզ էլ ասել իմ վերջին ցանկության ու կտակի մասին: Երբ մահանամ, դիակս այրել տվեք: Մոխիրս թաղեք մորս գերեզմանին: Մոխրիցս մի բուռ էլ Ստամբուլ տարեք և Բոսֆորի ջրերի մեջ լցրեք»:

«Կլցնեմ, Բրենդա»:

«Այս երկուս ու կես սենյականոց տնից բացի` ուրիշ ունեցվածք չունեմ: Տունս վաճառեք: Գումարը, որպես օգնություն, ուղարկեք Հայաստանի Գյումրի քաղաքում Հերման Խնդիրեանի հովանավորությամբ գործող «Թռչունյան տուն» մանկատան (Terchoonian Childrens Home) որբ երեխաներին: Հեռախոսով այդ հարցի մասին խոսել եմ Հերմանի հետ: Նա էլ կանի այն, ինչ պետք է: Մոխրիցս մի բուռ էլ տարեք «Թռչունյան տուն»: Եթե հարմար լինի, մի ծառ տնկեք այնտեղ և մոխիրս լցրեք ծառի արմատին: Թաղմանս գալիք ընկերներին ասեք` թող ծաղիկ չբերեն, այլ ծաղիկների գումարը հավաքեն և ուղարկեն «Թռչունյան տուն» մանկատուն»:

«Դու մի անհանգստացիր, Բրեդա: Հանգիստ եղիր: Ամեն բան կանեմ` քո վերջին ցանկությունն իրագործելու համար»:

«Հենց դրա համար եմ քեզ ասում վերջին ցանկությանս մասին. գիտեմ, որ կանես»:

«Ինձ վստահելուդ համար շնորհակա~լ եմ քեզ, Բրենդա»:

Վերջին օրեր, դժվարի~ն օրեր

Մի օր Բրենդայի ինքնազգացողությունը վատացավ: Այդ մասին հայտնել էին Ջևդեթին և Էֆթիքին: Իսկույն շտապօգնության մեքենա կանչեցին: Հիվանդանոց տարան: Բժիշկներն անմիջապես վերակենդանացման բաժանմունքում պառկեցրին նրան:

Բրենդան այլևս չկարողացավ տուն վերադառնալ: Նրա վիճակը հետզհետե վատացավ: Բրենդայի մոտ մի օր հերթապահում էին Ջևդեթն ու Էֆթիքը, հաջորդ օրը` Բյուլենթն ու Ֆահրիյեն: Բժիշկներն ըմբռնումով մոտեցան այդ հարցին:

Բրենդան վախճանվեց 2017 թ. մարտին 30-ին: Ջևդեթը, Էֆթիքը, Բյուլենթն ու Ֆահրիյեն նրա թաղման արարողությունը կազմակերպեցին այնպես, ինչպես ինքն էր իր կտակում գրել: 2017 թ. ապրիլի 20-ին Բրենդայի աճյունի մոխիրը լցրեցին իր մոր գերեզմանին: Ես էլ իմ պարտքը կատարեցի. հետս երկու տոպրակ էի վերցրել, Բրենդայի գերեզմանի հողից մեկական բուռ լցրեցի դրանց մեջ:

ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ

Ջևդեթի, Էֆթիքի, Բյուլենթի, Ֆահրիյեի հետ խոսեցի, և որոշեցինք հայերենով ու թուրքերենով «Վերջին ցանկությունս» վերնագրով մի գիրք հրատարակել: Խոսեցի նաև ԱՄՆ-ում բնակվող Հերման Խնդիրեանի հետ: Միասին ծրագրեցինք իրականացնել Բրենդայի վերջին կտակը:

«ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ» գիրքը հրատարակվել է Մելինե Փոհլմանի, Յայլա Մյոնխ Բուջաքի, Էֆթիք և Ջևդեթ Դեմիրքափըների, դոկտոր, պրոֆ. Կլաուս Լիբե Հարքորտի, Նևին Լուցի, Ֆահրիյե և Բյուլենթ Թունայների, Այշե Յալչըն Ջանփոլադի,  Բարան Սեյհանի, Յուսուֆ Ֆաիքի (Բուջաք), Հերման Խնդիրեանի և Քեմալ Յալչընի նյութական ու բարոյական աջակցությամբ, և ստացված ամբողջ շահույթը նվիրվելու է «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին:

Բրենդայի ծառը` «Թռչունյան տուն» մանկատան բակում-TERCHOONIAN CHILDRENS HOME 

Հերման Խնդիրեանի հետ ծրագրեցինք Բրենդայի կտակի այն հատվածը, որը վերաբերում էր Հայաստանին և Գյումրիին:

Հերմանն ասաց. ««Սասունցիների պարը» ներկայացումը պիտի ցուցադրվի Գյումրիում, 2018 թ. հոկտեմբերի 13-ի երեկոյան: Բրենդայի ծառը կտնկենք 2018 թ. հոկտեմբերի 14-ին: Խնդրում եմ խոսիր Գարեգին սրբազան Բեքճյանի հետ` Բրենդայի հոգու համար աղոթելու նպատակով Հայաստան գալու հարցի շուրջ: Ես նրան Գյումրի եմ հրավիրում»:

Խոսեցի սրբազանի հետ: Ասաց. «Ես Բրենդային լավ եմ ճանաչում: Շատ լավ գործ եք ձեռնարկել` նրա կտակն իրականացնելու համար: Ես էլ սիրով կաղոթեմ իր հոգու խաղաղության համար»:

2018 թ. հոկտեմբերի 9-ին սրբազանի հետ միասին եկանք Երևան: Ինձ Հերմանը դիմավորեց օդանավակայանում, իսկ սրբազանին` Էջմիածինից եկած պաշտոնյաները, ովքեր VİP սրահից անցնելով` նրան տարան Էջմիածին:

2018 թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 11-ին գնացինք «Թռչունյան տուն» մանկատուն-կրթահամալիր: 2018 թ. հոկտեմբերի 13-ի երեկոյան Գյումրիի` «Վարդան Աճեմյանի» անվան պետական դրամատիկական թատրոնում «Սասունցիների պարը» ներկայացումը բեմադրած արվեստի բոլոր գործիչները հետաձգել էին իրենց` Երևան վերադարձը: «Մենք էլ ենք ցանկանում հող ցանել Բրենդայի ծառին» ասելով` Մաժակ Թոշիկյանի հետ միասին նրանք էլ մանկատուն եկան:

Նախ «Թռչունյան տան» նախասրահում գտնվող Հրանտ Դինքի լուսանկարի կողքին կախեցինք Բրենդային նվիրված շնորհակալագիրը: Սրբազանն աղոթք ասաց:

Ապա «Թռչունյան տան» բակում «Սասունցիների պարը» բեմադրած արվեստի գործիչների և մանկատան երեխաների հետ միասին տնկեցինք Բրենդայի սոճին, որը բերել էր գյումրեցի Վահան Թումասյանը: Սոճու արմատին ցանեցինք Բրեմենից իմ բերած հողը, որ վերցրել էի Բրենդայի գերեզմանից: Սրբազան Գարեգին Բեքճյանն աղոթեց: «Վերջին ցանկությունս» գրքերն էլ շարեցինք Բրենդայի ծառի շուրջ:

Խոսեցինք նաև Ավստրիական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարան Սեյհանի հետ. Բրենդայի հիշատակին այս լիցեյի բակում էլ ենք մի ծառ տնկելու: Բրենդայի գերեզմանից հող ենք լցնելու նաև այդ ծառի արմատին և Ստամբուլի Բոսֆորի ջրերի մեջ:

Բրենդայի հիշատակին մեր կողմից հրատարակված «ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ» գրքի վաճառքի համար մի հատուկ հաշվեհամար եմ բացել: Գրքի գումարն ուղարկել ցանկացողները կամ «Թռչունյան տուն» մանկատանը նվիրատվություն անելու մտադրություն ունեցողները կարող են այդ հաշվեհամարն օգտագործել:

ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ` աջակցությո~ւն «Թռչունյան տուն» մանկատան որբ երեխաներին

«Վերջին ցանկություն» գրքի անունով Հայաստանում, ԱՄՆ-ում և Գերմանիայում բանկային հաշվեհամար է բացվել: Գերմանիայի և Եվրոպայի հաշվեհամարը և շահառուի հաշվեհամարը (IBAN)`

Kemal Yalcin

(SON ARZUM)

Sparkasse-Bochum

IBAN: DE90 4305 0001 0028 4087 06

Դուք ևս կարող եք ձեր ներդրումն ունենալ «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին օգնելու հարցում` հանուն Բրենդա Ժամկոչյան-Բաշարի հոգու խաղաղության: Դուք նույնպես կարող եք կիսել մանկատան երեխաների ուրախությունը: Ձեզ շնորհակալություն եմ հայտնում` «Թռչունյան տուն» մանկատան սաների անունից:

Բոխում, 2-ը նոյեմբերի, 2018 թ.

Քեմալ Յալչըն

Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net